Երեւան, 02 նոյեմբերի, 2009թ.: Ս. թ. հոկտեմբերի 24-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2009-ին ընդառաջ Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթ, որի պատվավոր հյուրն էր ԼՂՀ 2-րդ Նախագահ,ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը:
Ճաշկերույթին ներկա էին նաեւ Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ատենապետ Անդրանիկ Շիրինյանը, Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Հակոբյանը եւ շուրջ 200 կանադահայ: Երեկոյին առանձնակի շուք հաղորդեցին պատվավոր հյուր Արկադի Ղուկասյանի ելույթը եւ կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների շուրջ 100,000 ԱՄՆ դոլարի նվիրատվությունը, որը կուղղվի Կոտայքի մարզի Աբովյանի շրջանային հիվանդանոցի հիմնանորոգմանը:
Կանադա կատարած հինգօրյա աշխատանքային այցի շրջանակներում Արկադի Ղուկասյանը հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելեց Մոնրեալում գտնվող հայկական հոգեւոր, մշակութային եւ կրթական կենտրոններ:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահին մեծ ցնծությամբ ընդունեցին ՀԲԸՄ Օլեգ Մանուկյանի անվան դպրոցի սաները` ի դեմս դպրոցի նախագահ դոկտոր Արշավիր Գունջյանի եւ տնօրեն Ռոբերտ Խեչայանի: Հանդիպումներ եղան նաեւ ՀԲԸՄ ղեկավար Արմեն Բեչակջյանի, Թեքեյան միության տնօրեն Արտո Մանուկյանի հետ, ինչպես նաեւ եղան այցելություններ Սուրբ Հակոբ ազգային վարժարան եւ Սուրբ Նարեկ հայկական կաթոլիկ դպրոց:
Լավալ քաղաքում Արկադի Ղուկասյանը Կանադայի Հայոց թեմակալ առաջնորդ Սրբազան Բագրատ Գալստյանի եւ այլ հոգեւորականների հետ մասնակցեց նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը:
Հարկ է նշել, որ Արկադի Ղուկասյանը մինչ այցը Կանադա հանդիպել էր նյույորքահայ բարերարներին, ինչպես նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ Լուիզ Սիմոն Մանուկյանին, որոնք միասին քննարկել են նոյեմբերի 26-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2009-ի առաջիկա կազմակերպչական աշխատանքներն ու ռազմավարությունը: Իսկ Արկադի Ղուկասյանի այցը Կանադա ավարտվեց Օտտավայում հայկական դեսպանատուն այցելությամբ: Ներկայումս Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահը կրկին ԱՄՆ-ում է` այս անգամ Լոս-Անջելոսում` տեղի համայնքի հետ նախամարաթոնային հանդիպումների նպատակով:
Կանադայում կայացած դրամահավաք ճաշկերույթի նվիրատուների անուններն ու հավաքված գումարը կհրապարակվի հեռուստամարաթոնի օրը: