AM
5 November 2009 - 08:20 AMT

ԵԱՀԿ-ն պատրաստ է սատարել Երեւանի քաղաքապետարանին էլեկտրոնային կառավարման հարցերում

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին` ղեկավար Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ: Համագործակցելու երկուստեք պատրաստակամությամբ քննարկվել են աջակցության հնարավոր ուղիները: Սերգեյ Կապինոսը նշել է, որ պատվիրակված են իրականացնել տարաբնույթ գործունեություն եւ իրավիճակը գնահատելուց հետո կարող են հստակեցնել համագործակցության օրակարգը: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնք աջակցության կարիք ունեն:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ էլեկտրոնային կառավարման արդի փորձ ունեն եւ պատրաստ են այն փոխանցել Երեւանի քաղաքապետարանին: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական ցանկացած նորամուծության աջակից են եւ ողջունում են քաղաքապետարանի համարժեք քայլերը: ԵԱՀԿ պատվիրակը պատրաստ է նաեւ իրավական աջակցության, եթե քաղաքային կառավարման օրենսդրական փոփոխություններում խորհրդատվության կարիք լինի: Երեւանի քաղաքապետը փոխադարձ պատրաստակամությամբ առաջարկել է քննարկումներին աշխատանքային ընթացք տալ, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: