Հայաստանի կրթական համակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրին համապատասխան լայնածավալ բարեփոխումներ կիրականացվեն:
ԵՄ կրթական համակարգի` Հայաստանի կրթական համակարգում ընդլայնման ծրագրի հաստատման եւ իրականացման աշխատանքային խմբի` նոյեմբերի 6-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է քառամսյա ժամկետում մշակել բարեփոխումների ծրագիր: Նպատակն է` Հայաստանի միջին մասնագիտական, բուհական, հետբուհական կրթական համակարգը համապատասխանեցնել եւրոպական չափանիշներին:
Ընդգծելով բովանդակային բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանի կրթական համակարգում` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ կրթական ծրագրերը եւ չափորոշիչները պետք է համապատասխանեցվեն եւրոպական չափանիշներին, Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ անհրաժեշտ է ստեղծել միջբուհական համագործակցության մեխանիզմներ, զարգացնել վերապատրաստման եւ որակավորման հնարավորությունները, ապահովել կրթություն- տնտեսություն կապի սերտացումը:
Բարեփոխումները ենթադրում են նաեւ գիտական համագործակցության խթանում, ընդհանուր ռազմավարական գործունեության մշակում, ԵՄ շրջանակային ծրագրերին Հայաստանի գիտական կազմակերպությունների եւ անհատ գիտակայանների` առավել ակտիվ մասնակցություն, եւրոպական ուղղվածության կրթական հաստատությունների զարգացում: