AM
6 Նոյեմբեր 2009 - 15:56 AMT

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունի

Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Սարգսյանը նշել է, որ երկրները շատ երկար պատմական ճանապարհ են անցել, եւ որ նախկին հարաբերությունները պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել: «Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես ուշադրության եւ կատարելագործման կարիք ունեն: Այդ իսկ պատճառով մեր պետությունների դեսպանները պետք է շատ ինտեսնիվորեն աշխատեն: Կարծում եմ, մենք մեր հնարավորությունների ողջ ներուժը չենք օգտագործել, եւ կարող ենք բացել փոխգործակցության նոր հեռանկարներ»,- ընդգծել է նախագահը:

Դեսպան Տաբատաձեի խոսքով` նախագահ Սաակաշվիլին եւս մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ գտնում է, որ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն: Նա միաժամանակ ասել է, որ իր երկրի քաղաքական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի նախագահի տեսլականը` համարելով, որ նա այն քաղաքական գործիչն է, ով նայում է ապագային` չմոռանալով անցյալը:

Հանրապետության նախագահը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների ու երկխոսության միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օրակարգային հարցերին եւ համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման գործում եւ ասել, որ գործունեության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա պետական մարմինների կողմից: Դեսպան Տաբատաձեն իր հերթին նշել է, որ տրամադրված է ակտիվ աշխատանքի: