ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները Դուշանբեում կայացած հանդիպմանը հավանություն են տվել ռազմական համագործակցության հայեցակարգին մինչեւ 2015թ. ժամանակահատվածի համար:
Պաշտպանության նախարարների խորհրդի 57-րդ նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները:
Հաստատվել են նաեւ մինչեւ 2015թ. ԱՊՀ մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Ըստ օրակարգի, քննարկվել է ԱՊՀ ՊՆ բազմակող ինտեգրմանն առնչվող շուրջ 20 հարց:
Նիստում քննարկվել են ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների իրազեկման մարմինների համագործակցության ուղիները:
Նիստի մասնակիցները քննարկել են Մեծ Հայրենական պատերազմի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստման հարցերը: Որոշվել է 2010թ. անցկացնել ԱՊՀ մասնակից երկրների բանակների VII սպարտակիադան, ինչպես նաեւ միջազգային մրցույթ ԱՊՀ երկրների ռազմական ԶԼՄ-ների Մեծ Հաղթանակի հոբելյանին նվիրված լավագույն լրագրողական ստեղծագործության համար:
ԱՊՀ ՊՆԽ հաջորդ նիստը տեղի կունենա 2010թ. ապրիլի 17-ին Մոսկվայում:






