AM
13 November 2009 - 08:53 AMT

Երեւանի դպրոցներում մեկնարկել է «Ռուսական արջուկ» մրցույթը

Նոյեմբերի 12-ին «Այբ» կրթական հիմնադրամը Երեւանի չորս դպրոցներում անցկացրել է «Ռուսական արջուկ» փորձնական մրցույթը, որը աշակերտների համար նախատեսված ռուսերեն լեզվի միջազգային հետաքրքրաշարժ մրցույթ է: «Այբ»-ը այս նախաձեռնությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում: Այս տարի մրցույթին կմասնակցեն Վ. Մայակովսկու անվ. թիվ 7, Ա. Չեխովի անվ. թիվ 55, Ս. Շահմուրադյանի անվ. թիվ 85, ՌԴ-ի Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցներից ավելի քան 250 երեխա:

2010 թվականի նոյեմբերին մրցույթը կիրականացվի Հայաստանի բոլոր հետաքրքրված դպրոցներում: «Ռուսական արջուկ. լեզվաբանությունը բոլորի համար» մրցույթը «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» միջազգային հանրաճանաչ ու սիրված մրցույթի փոքր եղբայրն է:

«Այբ» հիմնադրամը 2009 թվականին Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես անցկացրեց «Կենգուրուն», որն ունեցավ աննախադեպ թվով մասնակիցներ` 30.567, զարկ տալով Հայաստանում նոր մանկական մաթեմատիկական շարժմանը: Իսկ հաղթողները մեկնեցին Ռումինիա` ներկայացնելու Հայաստանը միջազգային ամառային ճամբարում:

«Այբ» կրթական հիմնադրամը նախատեսում է ընդլայնել դպրոցական մրցույթների ցանկը` ներմուծելով Հայաստան միջազգային այլ մրցույթներ բնագիտական առարկաներից եւ լեզուներից: