«Մեր միակ պահանջն այն է, որպեսզի ուրանի հանքը չբացեն եւ դադարեցնեն ուրանի հետ կապված ցանկացած գործողություն»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտարարեց Կապանի զոհված եւ վիրավորված ազատամարտիկների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: Նա հայտնեց, որ կոմիտեն պատրաստում է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա եւ Հայաստանի բարձր պետական մարմիններին ուղղված հայտարարություն:«Դա միայն մեր խնդիրը չէ: Սյունիքի մարզը Հայաստանի սիրտն է, եթե չլինի Սյունիքը, Հայաստանն էլ չի լինի»,- հայտարարեց նա:
Նշենք, որ նախօրեին «Էկոլուր»-ի մոնիտորինգային խումբը հանդիպեց Լեռնաձոր համայնքի հետ, որի տարածքում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը զբաղվում է ուրանի պաշարների հետազոտություններով:
Լեռնաձորի մեջ մտնող 9 փոքր համայնքներից 4 համայնքներ՝ ներառյալ Լեռնաձոր գյուղը, գտնվում են հետազոտությունների գոտում: Հանքի մուտքը, որը 60-ական թվականներին բացվել է Գրոմովի ուրանային էկսպեդիցիայի արդյունքում, ներկայումս փակ է: Մուտքը գտնվում է Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանի տնից 300 մետր հեռավորության վրա: «Ես տարիներ շարունակ տուն եմ կառուցում, որպեսզի իմ թոռներն այստեղ մնան եւ ապրեն: Այժմ, չգիտեմ՝ արժի ավարտել շինարարությունը, թե՞ ոչ: Կցանկապատեմ պատշգամբը, որ երեխաները չընկնեն եւ վերջ»,- ասում է Ստեփան Պետրոսյանը:
Հնաբնակները հիշում են, թե ինչպես Գրոմովի էկսպեդիցիայի ժամանակ դիտարկվեցին նորածին հորթերի մահվան դեպքեր: «Եթե այդպես է, ապա մարդկանց համար էլ է դա վտանգավոր… Թող նախագծի ղեկավարներն իրենց երեխաների հետ գան այստեղ եւ ապրեն…Այդ ժամանակ, գուցե, մենք էլ հավատանք, որ ուրանային նախագիծն անվտանգ է…»,- իրենց մտահոգությունների մասին խոսեցին Լեռնաձորի բնակիչները նոյեմբերի 1-ին ,Էկոլուրե-ի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Լեռնաձորի բնակիչները որոշեցին ուրանային նախագծի դեմ ստորագրահավաք սկսել եւ հասնել նրան, որ պետությունը երաշխավորի իրենց իրավունքների պաշտպանությունը: