AM
14 November 2009 - 14:49 AMT

Գալինա Կոժեւնիկովա. Ռուսաստանում որքան «քսենոֆոբ» է թերթը, այնքան այն լավ է վաճառվում

Երկար տարիներ ռուսական լրատվամիջոցներում գլխավոր թշնամին աբստրակտ կովկասցիներն էին: Այդ մասին Երեւանում կայացած «Հանդուրժողականությունը զանգվածային լրատվամիջոցներում» կոնֆերանսում հայտնեց «Սովա» Տեղեկատվավերլուծական կենտրոնի աշխատակից Գալինա Կոժեւնիկովան: Նրա խոսքով, 2004-ից ի վեր իրադրությունը փոխվել է, եւ աբստրակտ կովկասցիները սկսել են իրենց տեղը զիջել աբստրակտ «ոչ ռուսներին»: «Մենք դա անվանում ենք համաէթնիկական քսենոֆոբիա»,- նշեց Գալինա Կոժեւնիկովան: Ընդ որում, նա նկատեց, որ կարճ ժամանակահատվածում փոխվել է «էմիգրանտ» բառի նշանակությունը: «Եթե նախկինում էմիգրանտ էր համարվում այն մարդը, որը մի տեղից մյուսն էր տեղափոխվել, ապա այժմ էմիգրանտը ցանկացած «ոչ ռուսն» է»,- ասաց նա:

Գալինա Կոժեւնիկովայի խոսքով, Ռուսաստանում 2008-ից հակաէմիգրանտական քարոզարշավ է ընթանում: Ընդ որում, նա նկատեց, որ Ռուսաստանում գործող լրագրողական ընկերակցություններ չկան: Ոչ մի լրագրողական էթիկ օրենսդրություններ չեն գործում, նրանց համար մեկ է, թե իրենց մասին ինչ կմտածեն:

«Ռուսաստանում որքան «քսենոֆոբ» է թերթը, այնքան այն լավ է վաճառվում»,- ընդգծել է Գալինա Կոժեւնիկովան: