Տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ կսկսի որոշ դեղամիջոցների գների աճի եւ ստեղծված դեֆիցիտի վերաբերյալ, որն առաջացել է բնակչության շրջանում A/H1N1 վիրուսով վարակվելու դեպքերի պատճառով, PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Արմինե Ուդումյանը: «Որոշ դեղերի գների աճն ու դեֆիցիտը չհիմնավորված են եւ դա պարզաբանման կարիք ունի»,-ասել է նա:
Ըստ նրա, վարչական վարույթ կհարուցվի դեղորայքի երեք խմբի առնչությամբ` սիրտ-անոթային, հակավիրուսային եւ հակադիաբետիկ միջոցներ: Նա նշել է նաեւ, որ դիտարկումներ կանցկացվեն ինչպես ներմուծող ընկերություններում, այնպես էլ դրանց իրացմամբ զբաղվող ընկերություններում: «Դեռեւս վաղ է խոսել գների աճի պատճառների մասին, հետազոտման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում»,-ասել է նա:
Ուդումյանը նշել է նաեւ, որ այդ գործընթացը պահանջում է օրենքով նախատեսված որոշ ժամանակ, որի ընթացքում ընկերությունները պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն: