AM
16 November 2009 - 09:36 AMT

2010թ. Մարտիրոս Սարյանի 130-ամյակը կնշվի նաեւ Տրետյակովյան պատկերասրահում նրա աշխատանքների ցուցահանդեսով

2010թ. նախատեսվում է անցկացնել աշխարհահռչակ հայ նկարիկչ Մարտիրոս Սարյանի 130-ամյակին նվիրված մի քանի միջոցառումներ:

«Փետրվարի 28-ին Մ.Սարյանի ծննդյան օրը նրա երեւանյան տուն-թանգարանում տեղի կունենա նրա լուսանկարների ցուցահանդեսը, որոնց հեղինակներն են Անդրանիկ Քոչարը, Գավուկը: Կցուցադրվեն նաեւ նկարչի փաստագրական լուսանկարները: Նույն օրը, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կբացվի Սարյանի վաղուց ի վեր չցուցադրված աշխատանքների ցուցահանդեսը»,-PanARMENIAN.Net- թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդապահ Սոֆյա Սարյանը:

Նա նշել է նաեւ, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հաջորդ տարվա սեպտեմբերին կբացվի նկարչի «Ծառի խորհրդանիշը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրության մեջ կընդգրկվի 30 աշխատանք:

Ս.Սարյանն ընդգծել է նաեւ, որ նախատեսվում է անցկացնել խորհրդաժողով` նվիրված Մարտիրոս Սարյանին: Իսկ արդեն կատարվածից նա նշել է Սարյանի աշխատանքների ալբոմի հրատարկությունը մշակույթի նախարարության կողմից:

Մարտիրոս Սարյանը (1880-1972) խորհրդային շրջանի հայ մեծանուն գեղանկարիչ է, գծանկարիչ ու թատերական նկարիչ: Նա եղել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀԽՍՀ Նկարիչների միության նախագահ (1947-1951), ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Լենինյան եւ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակների դափնեկիր: