AM
16 November 2009 - 11:25 AMT

Պատկերազարդող Իլոն Վիկլանդը երեւանցիներին կցուցադրի իր «Կառլսոնին, որն ապրում է տանիքում…»

Երեւան- առաջին ցուցահանդեսը, բացառապես նվիրված Իլոն Վիկլանդի նկարներին, կներկայացվի ցուցադրության նոյեմբերի 19-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Գեղագիտության ազգային կենտրոնում: Ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայի` Եվրամիության նախագահության, ՀՀ-ում Էստոնիայի հյուպատոսության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ Հայաստանում Օրիֆլեյմ ընկերության կողմից:
Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Կառլսոնը, որն ապրում էր տանիքում» վիպակը վերածվել է հայտնի մուլտֆիլմի: Մուլտֆիլմը, որը երկար տարիների միջով Խորհրդային Հայաստանից փոխանցվել է անկախ Հայաստանին, անչափ հոգեհարազատ եւ սիրելի է մի քանի սերունդների:

Լինդգրենի գրքերի պատկերազարդող Իլոն Վիկլանդը ծնվել է Էստոնիայում եւ տատիկի հետ Շվեդիա տեղափոխվել 14 տարեկանում: Այսօր նա ցուցահանդեսը բացելու նպատակով Հայաստանում է:

Ցուցահանդեսը Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիային նվիրված միջոցառումների մաս է կազմում: «Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք հնարավորություն ընձեռել հայ մարդկանց գալու եւ շփվելու իրենց ամենասիրելի մուլտֆիլմերից մեկի հերոսների հետ` շունչ առած Իլոն Վիկլանդի աշխատանքների միջոցով: Միեւնույն ժամանակ միջոցառումը մեզ հնարավորություն կտա մեկ անգամ եւս ընդգծելու երեխաների հիմնական իրավունքների վրա հասարակության ուշադրությունը գրավելու կարեւորությունը»,- հայտարարեց Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենը:

Ցուցահանդեսի բացման օրը` նոյեմբերի 19-ին` ժամը 13:00-ից 15:00-ը, կցուցադրվեն նաեւ աշակերտների կողմից պատրաստված երեխաների իրավունքներին նվիրված մանրապատումներ: Հայաստանի բոլոր մարզերի քսան դպրոցներից չորս հարյուր աշակերտներ մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից անցկացված մրցույթին: Թիմերը սովորել են երեխաների իրավունքները, քննարկել, գրել եւ ներկայացրել երեխաների որեւէ իրավունքին նվիրված մանրապատում: Հաղթող են ճանաչվել երեք թիմեր` Երեւանի թիվ 149, Էջմիածնի թիվ 5 դպրոցների եւ Էջմիածնի Ներսիսյան վարժարանի աշակերտները, որոնք Օրրան ԲՀԿ-ի` կարիքավոր եւ փողոցում հայտնված երեխաների կենտրոնի, ինչպես նաեւ Աշոտ Ղազարյանի «Հումորի դպրոցի» սաների հետ միասին կներկայացնեն հաղթած ներկայացումները: Հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը եւ Զառա Արամյանը նոր փայլ կհաղորդեն միջոցառմանը` մեծ հաճույք պատճառելով հյուրերին:

Միջոցառմանբանախոսներն են UNICEF կազմակերպության ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը: