AM
17 November 2009 - 12:06 AMT

Կոռուպցիայի ընկալմամբ Հայաստանը 125-րդն է 180 երկրների թվում

«Transparensy International» հակակոռուպցիոն կենտրոնը հետազոտություններ է անցկացրել 180 երկրներում` հիմնվելով այդ երկրի փորձագետների ու ձեռնարկատերերի ընկալման վրա: Երկրները գնահատվել են 10-բալանոց սանդղակով, ընդ որում հաշվարկները կատարել են հետազոտվող երկրների անկախ կազմակերպություները: Այդ մասին հաղորդել է «Transparensy International» հայաստանյան ներկայացուցչության նախագահ Ամալիա Կոստանյանը նոյեմբերի 17-ին կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, Հայաստանը 125-րդն է 180 երկրների թվում, իսկ անցյալ տարի 114-ն էր: «Բարեբախտաբար, այդ փաստը բացատրվում է ոչ թե համակարգային փոփոխություներով, այլ իրադարձություններով, որոնք ազդում են մարդկանց մտածողության, հետեւաբար, հասարակական կարծիքի վրա»,-ասել է Կոստանյանը:

Իր հերթին «Transparensy International»-ի գործադիր տնօրեն Վարուժան Օկտանյանը հաղորդել է. «Հայաստանի ցուցանիշները 2009-ին անցյալ տարվա համեմատ նվազել են 0,2 միավորով, կազմելով 2,7 միավոր: Նույն միտումն է գրանցվել նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում, սակայն ամենակտրուկ նվազումն եղել է Իրանում»:

Ամենացածր ցուցանիշները` 1,1, որ վկայում են երկրի բարձր կոռումպացվածության մասին, գրանցված են Սոմալիում, Աֆղանստանում, Մյանմայում, Սուդանում եւ Իրաքում, լավագույն ցուցանիշը` 9,4 միավոր գրանցված է Նոր Զելանդիայում, Դանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում եւ Սինգապուրում:

«Ակնհայտ է, որ վերջերս պատերազմած երկրներում կոռումպացվածության ընկալումը բավական ցածր է»,-ընդգծել է Վ.Օկտանյանը: