AM
17 Նոյեմբեր 2009 - 12:53 AMT

Լարիսա Ալավերդյան. Հայկական խորհրդարանը չպետք է կախված լինի թուրքականից

Ի տարբերություն հայկական խորհրդարանի, որը միշտ սպասողական վիճակում է, թուրքականն ավելի նախաձեռնող է ու գիտի, թե ինչ եւ երբ անի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» ընդդիմական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը: Նրա խոսքով, հայկական խորհրդարանի դիրքորոշումը շահեկան է Թուրքիային: Արտահայտվելով ֆուտբոլային դիվանագիտության տերմիններով` Ալավերդյանն ասաց, որ հայկական կողմի դիրքորոշումը ցույց է տալիս, որ իրականում տիրապետում է գնդակին: «Ինձ չի հետաքրքրում, թե ինչպիսի քայլեր կնախաձեռնի Թուրքիայի խորհրդարանը, ինձ հետաքրքրում են մեր խորհրդարանի գործողությունները»,- նշեց Ալավերդյանը` ավելացնելով, որ հայկական խորհրդարանը չպետք է կախում ունենա օտար որոշումից եւ պետք է սեփական մոտեցումն ունենա տվյալ հարցին:

Մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում` Ալավերդյանն ասաց, որ իր գործողություններով ԱՄՆ-ն ցանկանում է ցույց տալ, որ կարող է ազդել կողմերի քայլերի վրա, չնայած, որ Թուրքիան փորձում է սեփական քաղաքականությունը վարել: Նրա խոսքով, Թուրքիան հասել է այն բանին, որ եւս մեկ տարով երկարաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«ԱՄՆ, Թուրքիայի եւ Ռուսաստանի գործողությունները փոխկապակցված են: Հայաստանի շահերը նրանց համար գտնվում են երկրորդ, եթե ոչ երրորդ պլանում»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը` ավելացնելով, որ Հայաստանը դիտարկվում է որպես մի դաշտ, որտեղ խաղում են այդ երեք երկրները: