Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շատ վատ է, նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ներկայացված` աշխարհում մարդու իրավունքների գծով ամենամյա զեկույցում: Փաստաթղթում, ինչպես տեղեկացնում են Բաքվի տեղեկատվական աղբյուրները, ասվում է, որ Հեյդար Ալիեւը 1998 թվականին նախագահ է վերընտրվել բավականին վիճելի ընտրությունների արդյունքում, որոնք ուղեկցվել են ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներով: 2000 թվականի խորհրդարանական ընտրությունները նույնպես անցել են լուրջ խախտումներով, հատկապես ձայների քվեարկության գործընթացում: Հաշվետվության հեղինակները նշում են, որ Ադրբեջանում դատական իշխանությունը կախման մեջ է գտնվում գործադիր իշխանություններից` նա կաշառված եւ անարդյունավետ է, իսկ ՆԳՆ եւ ԱԱՆ անմիջականորեն ենթարկվում են նախագահին: ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով, Ադրբեջանի կառավարությունը խախտում է նաեւ քաղաքացիների տնտեսական իրավունքները: Չնայած այն, որ կառավարությունը շարունակում է խոսել շուկայական տնտեսության զարգացմանն իր հակվածության մասին, երկրում ուժգնորեն ծաղկում է կաշառակերությունը եւ հովանավորականությունը: Եվ հետեւանքում` ադրբեջանական քաղաքացիների տնտեսական վիճակի բարելավում չի նկատվում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: