Առաջիկա ամիսներին լուրջ առաջխաղացում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում չի լինի: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ու քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Հայաստանն ու Թուրքիան սպասում են, թե ով կանի հաջորդ քայլը: Այն փաստը, որ Արձանագրությունները դեռեւս չեն ներկայացվել վավերացման Թուրքիայի խորհրդարանում եւ դեռ չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան, վկայում են այն մասին, որ մենք այդ փաստաթղթերի վավերացմանն ուղղված լուրջ քայլեր չենք տեսնի»,-ասել է Կ.Մանոյանը:
Ըստ նրա, մինչեւ 2010թ. փետրվար-մարտը, մինչեւ ապրիլի 24-ը Անկարան այդ ուղղությամբ քայլ չի անի: «Թուրքիան չի վավերացնի Արձանագրությունները, քանի դեռ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում կողմերը չեն հասել առաջընթացի»,-ասել է Կիրո Մանոյանը: Նա հավանական է համարում նաեւ Արձանագրությունների վավերացման ձգձգումը մի քանի տարի: «Համաշխարհային պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ ստորագրված պայմանագրերը արդեն շուրջ 20 տարի է չեն վավերացվում»,-ասել է նա:
Մանոյանը չի բացառել, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կիրառել որպես ճնշման միջոց Անկարայի հանդեպ` Արձանագրությունների վավերացմանն հարցում:






