AM
20 November 2009 - 10:03 AMT

2009 թվականին Հայաստանում անչափահասների շրջանում գրանցվել է 383 հանցագործություն

2009թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանում անչափահասների շրջանում գրանցվել է 383 հանցագործություն: Դա 4,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: Թեեւ, եթե հաշվենք, որ 2008թ. անչափահասների կատարած հանցագործությունները կազմել են 5,3 տոկոս, ապա այս տարի այդ ցուցանիշը` 3,5 տոկոս է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հովհաննես Թամամյանը: Ըստ նրա, հիմնականում հանցագործությունները կատարում են 16-17 տարեկան անչափահասները: «Նման հանցագործությունների 6,2 տոկոսը կատարել են դեռահաս աղջիկները»,-ասել է Թամամյանը: Ընդ որում, նա նշել է, որ 383 հանցագործներից 26-ը սովորում են: Գրանցված հանցագործներից 16-ը նախկինում դատվածություն են ունեցել»,-ասել է Թամամյանը:

Ըստ նրա, հանցագործությունների 64 տոկոսը կողոպուտներ են: «Ընթացիկ տարում, դեռահասների կողմից սպանության դեպքեր չեն գրանցվել»,-ասել է Թամամյանը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ հիմնականում չափահասներն են դրդրում դեռահասներին կատարել հանցագործություններ եւ ստեղծել հանցավոր խմբավորումներ: «Նոր երեւույթ է համարվում անչափահասների մասնակցությունը դրամանենգությանը»,-ասել է Թամամյանը` հավելելով, որ Հայաստանում արդեն նման 8 դեպք է գրանցվել: