«Բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ ապահովելու միջոց կարող է լինել ամենամսյա կրթաթոշակի վերացումը: Բայց դա վերջնական որոշում չէ, այլ միայն ՀՀ գիտության եւ կրթության նախարարության մտադրությունն է, որն ուղղված է միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը: Ես ուզում եմ նշել, որ կրթաթոշակների վերացումը չի վերաբերում 2010-2011 թթ.: Ներկայում պետությունը չի կարող ավելացնել ուսանողական ամենամսյա կրթաթոշակները` ֆինանսական ճգնաժամի եւ միջոցների սղության պատճառով: Բայց բոլոր միջոցներն արդյունավետ օգտագործելու դեպքում, մենք կարող ենք ստեղծել ավելի արդյունավետ մեխանիզմներ», – նոյեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցած «Կրթություն- զարգացում` համագործակցության միջոցով» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը :
Նրա խոսքերի համաձայն, ըստ վիճակագրական տվյալների, 2008 թ. ամենամսյա կրթաթոշակ ստացող ուսանողների միայն 6 տոկոսն էր աղքատ եւ ծայրահեղ աղքատ ընտանիքներից, 40 տոկոսը` միջին ապահովվածության ընտանիքներից էին:
«Այսօր գործող մեխանիզմներով պետությունը չի կարող ապահովել բարձրագույն կրթություն ստանալու հավասար պայմաններ, եւ հենց այդ պատճառով ուսանողական վարկերի ներմուծումը խիստ անհրաժեշտություն է», – խոսքն ավարտեց Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ նշել է, որ մինչեւ վարկային համակարգի ներմուծումը, մեծ աշխատանք պետք է կատարվի համապատասխան մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
«2010 թ. մենք ընդամենը կստեղծենք վարկային մեխանիզմներ, 2011 թ. մեխանիզմները թեստավորում կանցնեն մի քանի ԲՈՒՀ-երում եւ, լավագույն դեպքում, 2013 թ. կիրականացնենք մեծամասշտաբ վարկային ծրագիր», – հայտնեց Հայաստանի կրթության նախարարը:
Նոյեմբերի 17-ին տեղի ունեցած «Ուսանողն այսօր» համաժողովի ժամանակ Արմեն Աշոտյանն ասել էր, որ կրթության նախարարությունը մտադիր է վերացնել ուսանողական ամենամսյա կրթաթոշակը, որը 1990 թ. սկսած 5 հազ. դրամ գումար է կազմում: Այդ գումարը կներդրվի ուսանողական վարկերի մեջ, որոնք հասանելի կլինեն ուսանողների լայն շրջանակի համար: Այս հայտարարությունը խիստ բացասական հակազդեցություն էր առաջացրել ուսանողների շրջանում: