Հայաստանն ու Լիտվան մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը զանազան ոլորտներում: Այդ մասին այսօր Երեւանում Լիտվայի ԱԳՆ ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի հետ համատեղ մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Իմ լիտվացի պաշտոնակցի հետ միասին մենք քննարկեցինք համագործակցության խորացման հարցերը գիտության, մշակույթի, տնտեսության ոլորտներում: Մենք վճռական ենք փոխգործակցության խորացման հարցում` ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքականական գերատեսչության ղեկավարը:
Լիտվայի ԱԳ նախարարն իր հերթին նշեց, որ Հայաստանը ԵՄ ակտիվ գործընկեր երկրներից մեկն է, եւ Լիտվայի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում իր փորձով նրա հետ կիսվելու հարցում:






