AM
23 November 2009 - 16:05 AMT

Տիգրան Սարգսյան. Պետք է ստեղծել առողջ ֆինանսական միջավայր առողջապահության ոլորտում

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել` Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Երեւան քաղաքի խոշոր բուժհաստատությունների եւ մարզային չորս բուժհաստատությունների տնօրեններ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության եւ սպասարկման փոխհատուցման համավճարային սկզբունքի ներդրման նպատակով առաջարկվող տարբերակներ:

Խոսվել է պետական պատվերի համակարգի բարեփոխման խնդիրների, ստվերայնության վերացման, առողջապահական ապահովագրության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման ու համայնքային բյուջեներում առողջապահության մասով հնարավոր ֆինանսավորման ներառման մասին:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ առողջապահական բարեփոխումները պետք է լուծեն ոլորտում առկա ֆինանսական խնդիրները: Պետությունը պետք է կարողանա պետպատվերի շրջանակներում բուժհաստատություններին վճարել մատուցված ծառայությունների շուկայական գինը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ պետական պատվերի շրջանակներում համապատասխան բժշկական օգնություն ստանան բնակչության սոցիալապես անապահով շերտերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսում են նաեւ միջազգային փորձագետներն ու խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները:

ՀՀ վարչապետը ընդգծել է, որ պետք է ֆինանսապես առողջացնել առողջապահության ոլորտը: Նա հանձնարարել է առողջապահության նախարարին ամփոփել նկատառումները: