Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը երկու նպատակ պետք է հետապնդի` առաջին` Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ եւ երկրորդ` հասնել նրա միջազգային ճանաչմանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը :
Հովհաննիսյանի պնդմամբ, եթե վերը նշված նպատակները չիրականանան, ապա Հայաստանի կողմից միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչինչ չի տա: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի վարած քաղաքականությունը ԼՂՀ-ին թույլ չի տալիս բանակցությունների սեղանին վերադառնալ, նույնիսկ եթե Հայաստանը ճանաչի նրա անկախությունը:
Խոսելով ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանի վերջին հայտարարության մասին, որում ասվում էր, որ Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ «ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն, առաջին հերթին, հակառակորդին պետք է ոչնչացնի մարտի դաշտում, միայն հետո մտածի ճանաչման մասին»:
Լրագրողների այն հարցին, թե ՀՅԴ-ն ո՞ր սահմաններում է ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն, նա նշեց, որ ԼՂՀ հիմնական տարածքային կառույցը ՀՅԴ-ն համարում է Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը, որում ազատագրված տարածքները ամրագրված են որպես Արցախի անբաժանելի մաս:






