AM
26 Նոյեմբեր 2009 - 16:29 AMT

ԼՂՀ վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է համաձայնեցվի եւ բխի Արցախի շահերից

«Հայաստանի ղեկավարությունը միշտ համարժեք է արձագանքում Ադրբեջանի բարձրաստիճան անձանց ռազմատենչ հայտարարություններին», – Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբավորման ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերի համաձայն, ադրբեջանական կողմի նախկին բոլոր եւ վերջին հայտարարությունները նրանց անզուսպ մոտեցումն է բանակցությունների հանդեպ եւ ոչ ավելին: Գալուստ Սահակյանը չբացառեց, որ ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանն իսկապես կունենա օկուպացրած տարածքներ:

Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները հիստերիայի ակնառու արտահայտություններ էին, որը ներքին օգտագործման եւ միջազգային հասարակայնության վրա ճնշում գործադրելու համար էր :

Սահակյանը հերթական անգամ ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական ուժերն ուղղված են ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծմանը: Գալուստ Սահակյանի կարծիքով, եթե Ադրբեջանն իսկապես ուզում է հակամարտության շուտափույթ կարգավորման հասնել, ապա պետք է համաձայնի բանակցություններին որպես լիիրավ կողմ Լեռնային Ղարաբաղի մասնակցության փաստի հետ: «Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է համաձայնեցվի եւ բխի Արցախի շահերից», – նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: