AM
30 November 2009 - 09:52 AMT

Հայաստանում պաշտոնապես գրանցված է ՄԻԱՎ-ով հիվանդ 808 մարդ

«Հայաստանում պաշտոնապես գրանցված է ՄԻԱՎ-ով հիվանդ 808 մարդ: Վարակման քանի դեպք է հարկավոր, քանի առողջ երեխա դեռ պետք է կորցնի իր հիվանդ ծնողներին, որպեսզի մեր բնակչությունը հասկանա, որ մեր առջեւ մեծ խնդիր է ծառացած»,-նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը:

Հասարակական կազմակերպությունների ներկա գտնվող ներկայացուցիչերը նշել են հանրության անբավարար իրազեկությունը ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման ուղիների մասին, ինչը նպաստում է բնակչության շրջանում հիվանդության առավել մեծ տարածմանը, ինչպես նաեւ բացասական վերաբերմունքին այդ հիվանդությամբ տառապող մարդկանց հանդեպ: «Մեր երկրում կան միջոցներ ՄԻԱՎ-ի բուժման եւ կանխարգելման համար, սակայն քչերն են համարձակություն ունենում հաշվառման կանգնել եւ ստանալ այդ միջոցները, մեզ մոտ գործում է այդ միջոցների համընդհանուր հասանելիության ծրագիրը, սակայն ՄԻԱՎ-ով տառապող մարդկանց հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառով քչերն են համարձակություն ունենում հաշվառման կանգնել եւ ստանալ այդ միջոցները»,-ասել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Հովահաննես Մադոյանը:

«Մենք կոչ ենք անում բոլորին միանալ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը կազմակերպվող մեծ ակցիային: Հատկապես կարեւորվում է այդ գործում լրագրողների դերը»,-ասել է Անահիտ Հարությունյանը:

Մամլո ասուլիսը անցել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա` դեկտեմբերի 1-ի նախօրեին: