«Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության հետ: Դա բնական է, սակայն ոչ ոք նրանց թույլ չի տա դա անել»,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Սակայն, այդ պնդման հետ համաձայն չէ Արման Մելիքյանը, որը նշեց, թե նույնիսկ եթե Հայ-թուրքական արձանագրություններում ուղղակի չի խոսվում ղարաբաղյան կարգավորման մասին, դա չի նշանակում, թե այս պահին անտեսանելի կապը, ցանկության դեպքում, վաղը չի կարող տեսանելի դառնալ: Նա նաեւ նշել է, որ ձեւականորեն կապ չկա, սակայն ընթացակարգային կա,-հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
«Հազիվ թե մինչեւ հաջորդ տարվա գարնան կեսը հայ-թուրքական սահմանը բացվի: Այդ ընթացքում Թուրքիան կհամոզի միջազգային հանրությանը, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի, սահմանները չեն կարող բացվել»,-ասել է Ա.Մելիքյանը:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի հետ անվտանգ հարաբերություններ հաստատելու համար, Հայաստանը պետք է դուրս գա Կարսի պայմանագրից, որպեսզի ապագայում, Բաքվի հանդեպ ճնշում գործադրելու համար բարձրացնի Նախիջեւանի հարցը: Նա նաեւ ընդգծել է, որ դուրս գալով Կարսի պայմանագրից եւ միաժամանակ վավերացնելով Հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանը կարող է հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ մաքուր էջից:






