AM
2 December 2009 - 16:25 AMT

Սերժ Սարգսյան. Ես տպավորված եմ Ավետիք Իսահակյանի վերանորոգված տուն-թանգարանով

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երեւանում գտնվող տուն-թանգարան: Նախագահը Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:

Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաեւ հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, եւ որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, երիտասարդները, օտարերկրացի զբոսաշրջիկները:

Սերժ Սարգսյանն ասել է, որ տպավորված է հիմնանորոգված թանգարանով եւ նշել, որ այն մշտական հոգածության կենտրոնում կլինի:

Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական հիմնադրամի միջոցներով: