AM
5 Դեկտեմբեր 2009 - 12:14 AMT

«Խելամիտ ժամկետներ» բառակապակցության տակ Թուրքիան հասկանում է 2010թ. ապրիլի 24-ը

«Խելամիտ ժամկետներ» բառակապակցությունը, որը տեղ գտավ Հայ-թուրքական արձանագրություններում, թուրքական պետության իշխանությունների համար մինչեւ 2010թ. ապրիլի 24-ն ընկած հատված է»,-ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Իսկանդարյանի, 2010թ. ապրիլի 24-ն ըստ թուրքական կողմի ընկալվում է որպես ժամկետ, որի ընթացքում խնդիրը պետք է ինչ-որ կերպ լրջորեն փոխվի: «Ես չեմ կարծում, որ այդ ժամկետը «երկաթյա ժամկետ է», սակայն այն հավանականությունը, որ դա այդպես է, բավական մեծ է»,-ասել է քաղաքագետը:

Նա նաեւ նշել է, որ վավերացման ձգձգումը որակական փոփոխություններ կառաջացնի եւ կվնասի հայ-թուրքական մերձեցման հեռանկարներին:

Իր հերթին, Հ.Մեսրոբյանը նշել է, որ ապրիլի 24-ը շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար, քանի որ 2008թ. ապրիլի 23-ին «ճանապարհային քարտեզի» ստորագրումը երկկողմ հարաբերությունների հաստատման մասին, ձեւական հնարավորություն տվեց ԱՄՆ նախագահին չօգտագործել իր ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» բառը: «Այդ երեւույթը նաեւ այլ բացասական կողմ ունի, քանի որ ապրիլի 23-ից սկսվեց պառակտման գործընթացը Հայաստանի ու Սփյուռքի միջեւ»,-նշել է փորձագետը: Նա նաեւ ընդգծել է, որ «ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո, կկասեցվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը արեւմտյան երկրների կողմից, որոնք կհիմնավորեն իրենց դիրքորոշումը հայ-թուրքական մերձեցման գործընթացով:

Ա.Իսկանդարյանը չի համաձայնվել այդ կարծիքի հետ եւ նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է անկախ հայկական հանրապետության հռչակումից շատ առաջ: «Ճնայած դրան, հայկական սփյուռքը կշարունակի պայքարը այն պարզ պատճառով, որ Ցեղասպանության ճանաչումը նրանց ազգային ինքնագիտակցության մի մասն է կազմում»,-ասել է Իսկանդարյանը: