AM
5 December 2009 - 12:45 AMT

Հայաստանում ուսումնական եւ նախադպրոցական հիմնարկները մեկ շաբաթով կարող են փակվել

«Մենք պետք է հետեւենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին եւ առանց հապաղելու փակենք ուսումնական ու նախադպրոցական հաստատությունները, որպեսզի կանխենք գրիպի տարածումը», – ընդգծեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արմեն Ասոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում:

Նա նաեւ հայտնեց, որ այդ առաջարկությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանին, որն էլ իր հերթին արդեն առաջարկությունը հանձնել է կառավարություն:

Գլխավոր համաճարակաբանի տվյալների համաձայն, ուսումնական եւ նախադպրոցական հաստատությունները կարող են մեկ շաբաթով փակվել: Հենց այդքան է տեւում գրիպի ինկուբացիոն ժամանակաշրջանը: Այնուհետեւ սկսվելու են ձմեռային արձակուրդները եւ գրիպի տարածումն ավելի պակաս վտանգավոր կլինի:

Այսօրվա դրությամբ A/H1N1 («խոզի գրիպ») գրիպով հիվանդների թիվը Հայաստանում 32 -ի է հասել, իսկ երկու մարդ մահացել է սովորական գրիպի բարդացումից: