Դեկտեմբերի 7-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության բնագավառում հայ-իտալական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Կողմերի համագործակցության կարեւորությունն ընդգծելով, Արմեն Աշոտյանն ասել է. «ՀՀ կառավարությունը կարողացել է ճգնաժամի պայմաններում պահպանել կրթական հիմնական ծրագրերի ֆինանսավորումը, եւ մենք հուսով ենք, որ մեր գործընկերների օգնությամբ կկարողանանք նաեւ այլ ծրագրեր իրականացնել»:
Դեսպան Սկապինին Հայաստանի գիտության եւ կրթության նախարարին ընդունելության համար շնորհակալություն հայտնելով, նշել է. «Հայ-իտալական համագործակցությունը կարելի է ընդարձակել ոչ միայն գիտության եւ կրթության, այլեւ տնտեսության բնագավառում»:
Ինչպես հայտնում է գիտության եւ կրթության նախարարության մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են Գյումրիի եւ Երեւանի հանրակրթական երկու դպրոցներում իտալերենի դասավանդման հարցը:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու մասին: