AM
7 December 2009 - 14:52 AMT

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը եւ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) ամրագրեցին իրենց համագործակցությունը հուշագրով

Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) եւ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) ստորագրեցին հուշագիր կրթության, համատեղ դասընթացների կազմակերպման, ընկերության կադրային ներուժի համալրման եւ այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին:

Համալսարանի Ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետի «Կապի ճյուղի ձեռնարկությունների էկոնոմիկա – կառավարում» ամբիոնի ու ADC-ի միջեւ համագործակցությունը սկսվել էր դեռեւս անցյալ տարվանից:

ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն ու ընկերության Խորհրդի նախագահ Խաժակ Կարայանը հույս հայտնեցին, որ սույն հուշագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները հեռանկարում հիմք կլինեն երկկողմանի շահավետ համագործակցության եւ կապահովեն մշտական կապ ընկերության մասնագետների եւ համալսարանի ուսանողների ու դասախոսների միջեւ:

Հուշագրով մասնավորապես նախատեսվում է ուսանողների մասնագիտական աճին նպաստող համատեղ ուսումնական դասընթացների, գործնական պարապմունքների իրականացում, ուսանողների պրակտիկաների անցկացում ADC-ում, ընկերության առաջատար մասնագետների ներգրավում ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի ղեկավարման գործընթացում, խրախուսական պարգեւների տրամադրում առավել աչքի ընկած ուսանողներին եւ մի շարք այլ միջոցառումներ: