Հայաստանը չի մտնում այն աղքատ մեծ պարտքեր ունեցող երկրների շարքը, որոնց նկատմամբ կիրառվելու է պարտքերը չեղյալ համարելու Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերը: Այդ մասին ասվում է ԱՄՀ եւ ՀԲ փորձագետների կողմից պատրաստված զեկույցում: Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, Հայաստանում պարտքային իրավիճակի հետազոտման արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ «Հայաստանը ստիպված չի լինի վերանայել երկկողմ կամ առեւտրական պարտքերը»: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման եւ համագործակցության նախարար Քլեր Շորթը 2001 թվականին առաջարկել է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ղրղստանն ընդգրկել աղքատ երկրների պարտքերի չեղյալ համարելու ծրագրի մասնակիցների ցուցակում : Նրա կարծիքով` «այդ երկրները օգնության կարիք ունեն, հակառակ դեպքում կաճի աղքատության աստիճանը, դրա հետ մեկտեղ եւ քաղաքական անկայունությունը, ինչը բացասաբար կանդրադառնա ողջ Եվրոպայի վրա» : Սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի Եվրոպայի երկրների երկրորդ վարչության տնօրեն Ջոն Օդլինգ-Սմին եւ Եվրոպայի եւ Միջին Ասիայի ՀԲ-ի փոխնախագահ Իոհանես Լին նշել են, որ Հայաստանի մասնակցությունը ծրագրին բացասաբար կանդրադառնա ներդրողների վստահության վրա: Նրանց գնահատականներով, «իրավիճակը Հայաստանում այնքան ծանր չէ, ինչպես մյուս երկրներում, նա ի վիճակի է մարել իր պարտքերը եւ կարիք չկա վերանայել դրանք»: Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, Հայաստանի պարտքը 2001 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբկազմել է 970 միլիոն դոլար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: