AM
10 December 2009 - 12:29 AMT

Այսուհետ դպրոցականներն անվճար են հաճախելու թատրոններ, տոմսավճարի մասին կհոգա Երեւանի քաղաքապետարանը

Երեւանի հանրակրթական դպրոցներում թատերական ներկայացումների տոմսերի վաճառքն արգելված է: Դրա փոխարեն Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի Մշակույթի նախարարության եւ թատրոնների միջեւ համագործակցության շրջանակներում սկսած 2010թ. հունվարի 10-ից, հաստատված ժամանակացույցի համաձայն, դպրոցականները հնարավորություն կունենան անվճար հաճախել թատրոններ:

Ինչպես հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 3-ին` Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ մայրաքաղաքի թատրոնների ղեկավարների ու թատերական գործիչների հանդիպմանը:

Ընդգծելով թատրոնների հետ դպրոցականների կապի կարեւորությունը` Գագիկ Բեգլարյանը նշեց, որ դպրոցականների թատրոն հաճախելու համար վճարելու է Երեւանի քաղաքապետարանը: Հասմիկ Պողոսյանն ու թատրոնների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու այդ ծրագրի իրականացմանը:

Բացի դրանից, Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մոտ ապագայում մայրաքաղաքի զանազան հատվածներում թատերական տոմսերի վաճառքի համար կրպակներ կկանգնեցվեն: