AM
14 February 2002 - 19:14 AMT

Ո՞ՂՋ Է ԱՐԴՅՈՔ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ չունեն երկրի նախագահի առողջության եւ գտնվելու վայրի վերաբերյալ: Պաշտոնական անձինք անհասկանալի եւ խճճված մեկնաբանություններ են անում այդ թեմայի շուրջ` հայտարարելով, որ Հեյդար Ալիեւը բժշկական քննություն է անցնում, բուժվում է կամ հանգստանում: Հիշեցնենք, որ Ալիեւը Քլիվլենդի հիվանդանոցում է գտնվում փետրվարի 3-ից` արդեն 11 օր: «Ոչ մի բժշկական հետազոտություն չի կարող այդքան երկար տեւել: Եթե նախագահը բուժվում է, ապա հարց է ծագում` ինչի՞ց»,- հետաքրքրվում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը: Գործակալությունը հաղորդում է նաեւ, որ Ադրբեջանի մայրաքաղաքում լուրեր են տարածվել, որ նախագահը վիրահատվել է: Լրագրողները գտնում են, որ պետության ղեկավարի որդու` Իլհամ Ալիեւի մեկնումը ԱՄՆ անուղղակի ձեւով հաստատում է, որ երկրի ղեկավարի մոտ առողջության հետ կապված պրոբլեմներ են ծագել: Հայտնի է, որ Քլիվլենդում է գտնվում նաեւ ԱՄՆ-յում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը: «Ենի Մուսավաթ» թերթը, վկայակոչելով տեղեկատվությանը տիրապետող աղբյուր, հաղորդել է, որ Քլիվլենդ է մեկնել Ադրբեջանի պետական հեռուստատեսության նկարահանող խումբը: «Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ «կրկնվում է 2000 թվականի աշնան իրավիճակը, երբ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդագրություն տարածեցին Քլիվլենդի հիվանդանոցում Հեյդար Ալիեւի վախճանի մասին»: Միեւնույն ժամանակ, «Հյուրիեթ» թերթը հավաստիացնում է , որ երկու օր առաջ նախագահը լքել է Քլիվլենդը եւ ժամանել է Վաշինգտոն «նպատակ ունենալով հանդիպել ԱՄՆ-ի պաշտանական անձանց հետ»: Վերջին մեկնաբանությունը բավականին տարօրինակ է, քանի որ հայտնի է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին ինքն է հրավիրել Ալիեւին Վաշինգտոն: Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարի հանդիպումը Սպիտակ տան երկրորդ դեմքի հետ նախատեսված էր փետրվարի 10-ին, սակայն այն այդպես էլ չի կայացել Քլիվլենդի հիվանդանոցում Ալիեւի մնալու ժամկետի երկարացման պատճառով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: