AM
18 December 2009 - 09:45 AMT

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիայից միգրանտների ներհոսք չի ակնկալվում

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիայից միգրանտների ներհոսք չի ակնկալվում: Մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Միգրացիոն հոսքերը կակտիվանան, քանի որ կնվազեն սահմանի հատմանը խոչընդոտող պայմանները ցանկացողների մեծամասնության համար»,-ասել է նա: Միգրացիոն ծառայության պետը պարզաբանել է, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, կկրճատվի սահմանն անցնելու ժամանակն ու արժեքը, ինչը խթան կհանդիսանա այն մարդկանց համար, որոնց համար այդ հանգամանքները խոչընդոտ էին հանդիսանում:

Այս համատեքստում նա նաեւ նշել է, որ եթե սահմանը բաց է, չի նշանակում, որ ցանկացած մարդ կարող է անարգել հատել այն, քանի որ մուտքի արտոնագիր է հարկավոր (օրինակ, Իրանի դեպքում) կամ համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն (ինչպես Վրաստանի դեպքում): Եգանյանը հավելել է, որ թուրք միգրանտների «ներհոսքի» բացակայությունը կարելի է բացատրվել նաեւ նրանով, որ այսօրվա դրությամբ Թուրքիայի քաղաքացիների համար Հայաստան այցելելու խոչընդոտներ չկան: «Եթե նրանք ցանկանային, կարող էին գալ նաեւ սահմանի բացումից առաջ, այդ դեպքում ինչո՞ւ չեկան»:

Եգանյանը հաղորդեց նաեւ, որ վերջին 8 տարում միգրացիոն հոսքերը Հայաստանից Թուրքիայի եւ հակառակ ուղղությամբ կայուն աճ են գրանցել, իսկ նշված ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է մեկնել 288 000 մարդ, եկել է` 294 000-ը: Նա նշել է նաեւ, որ միգրացիոն հոսքերը այդ երկրի ուղղությամբ 8 տարում ավելացել են 4 անգամ, ինչը չես ասի այլ ուղղությունների, օրինակ Եվրոպայի մասին:

Եգանյանը հավաստիացրել է նաեւ, որ թուրքական կողմի հրապարակած տվյալները Թուրքիայիում ապօրինի աշխատող շուրջ 50 000-70 000 հազար հայ միգրանտների մասին, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ թուրքական վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ դեպի Թուրքիա միգրացիոն հոսքերի բացասական սալդոն ընդամենը 5 238 մարդ է կազմում: