Համաշխարհային ճգնաժամի պայմաններում պոտենցիալ սեզոնային միգրանտների մեծ մասը հնարավորություն չուներ մեկնել երկրից, լրագրողներին է ասել Հայաստանի տարածքային կառավարության նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Մասնավորապես, ըստ նրա, երկու անգամ կրճատվել է սեզոնային միգրանտների քանակը (60-70 հազար), որոնք պետք է մեկնեին արտագնա աշխատանքի, սակայն չեն մեկնել: Եգանյանն ասել է, որ 11 ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 1 մլն 290 հազար 735 միգրանտ, իսկ մեկնել է` 1 մլն 329 հազար 402 միգրանտ: Իսկ միգրացիոն հոսքերի ամփոփումը կկատարվի հունվարի առաջին ամիսներին, քանի որ միգրացիոն հոսքերն առավելապես ակտիվանում են ամանորի տոներին:
Ինչ վերաբերում է 2010թ. կանխատեսումներին, ապա այդ առնչությամբ Գ.Եգանյանը նշել է. «Միգրացիոն հոսքերի դինամիկան 2010թ. հիմնականում կախված կլինի ընդունող երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակից»: Նա ասել է, որ եթե ճգնաժամը շարունակվի, ապա վտնագ կա, որ մասնավորապես Ռուսաստանից կարող են վերադառնալ երկարաժամկետ միգրանտները, որոնք կազմում են Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների 94 տոկոսը: «Այսօրվա դրությամբ համաշխարհային միտումներն այնպիսին են, որ կարծես թե տնտեսություններն արդեն անցել են ճգնաժամի կրիտիկական կետը, եւ հուսանք, որ երկարաժամկետ միգրանտները ստիպված չեն լինի լքել բնակության վայրերը, քանի որ նրանց համար դա մեծ ցնցում է, անորոշություն այն առումով, թե ինչ է սպասում իրենց հայրենիքում»,-ասել է նա: Այս առնչությամբ Եգանյանը հավելել է, որ եթե իրավիճակն արմատապես չփոխվի, միգրացիոն հոսքերի դինամիկան առանձնակի փոփոխություն չի կրի:
Հաշվի առնելով աշխարհում միգրանտների աճող քանակը` 2000թ. դեկտեմբերի 4-ին Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 18-ը հռչակեց Միգրանտի միջազգային օր: Այդ օրը 1990թ. Վեհաժողովն ընդունեց Բոլոր աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան: Միջազգային կառույցների գնահատմամբ, այսօրվա դրությամբ երկրագնդի 35 բնակչից 1-ը, կամ շուրջ 200 մլն մարդ միգրանտ է, այսինքն ապրում եւ աշխատում է օտար երկրում: