AM
18 Դեկտեմբեր 2009 - 12:56 AMT

Լյուդմիլա Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը հեռացվել են ՍԴՀ կուսակցությունից

Աշխարհասփյուռ հնչակյան կուսակցության վարչությունը ողջունել է Սոցիալ – դեմոկրատական հնչակյան կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում ընտրված Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կազմին, որի ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպեկյանը: Այսուհետեւ աշխարհի 22 երկրներում գործող Հնչակյան կուսակցության շրջանակները համագործակցելու են միայն Գ. Պերկուպեկյանի ղեկավարության ներքո գործող Հայաստանի ՍԴՀԿ-ի հետ: Այս մասին հայտարարել է կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, որին մասնակցում էր նաեւ Վահան Շիրխանյանը:

Վահան Շիրխանյանն, իր հերթին, հայտարարել է, որ համագումարը հրավիրվել է օրենքի սահմաններում եւ չի հակասել կուսակցության կանոնադրությանը, քանի որ այդպիսի պահանջ ունեին կուսակցության գրեթե բոլոր շրջանակները, որոնք էլ մասնակցել են համագումարին: «Կուսակցության համագումարը որոշում է կայացրել Գուրգեն Եղիազարյանին եւ Լյուդմիլա Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու մասին», – ասել է Շիրխանյանը:
Նրա խոսքերի համաձայն, կուսակցության համագումարը անօրինական է համարել կուսակցական մի շարք շրջանակների լուծարման եւ կուսակցությունից մի քանի կուսակցականների հեռացման Լ. Սարգսյանի որոշումները:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչու է կուսակցությունը անօրինական համարել Լ.Սարգսյանի միայն այդ որոշումները, Շիրխանյանը պատասխանել է, որ ներկա պահին կուսակցության առողջացման համար պետք էր այդպիսի որոշում կայացնել: «Իսկ ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա համագումարը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել, որը պետք է ուսումնասիրի Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարման տարիներին կուսակցության գործունեությունը, որից հետո հանդես կգա համապատասխան զեկույցով», – ընդգծել է Շիրխանյանը: