AM
21 December 2009 - 12:34 AMT

ՀՀ վերահսկողության ծառայությունը մի շարք խախտումներ է բացահայտել ճանապարհային ոստիկանության ոլորտում

2009թ. առաջին 6 ամիսների ընթացքում տեխզննում չանցած տրանսպորտային միջոցներ վարելու համար ընդամենը 3 ակտ է ձեւակերպվել: ՀՀ նախագահի աշխատակազմին կից Վերահսկողության ծառայության համապատասխան ստուգումներից հետո, այդ ակտերի քանակը հասավ 10 հազարի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, ամփոփելով 2009թ., հայտարարել է Վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

«2009թ. սեպտեմբերի դրությամբ տեխզննում անցած ավտոմեքենաների քանակը կազմեց 110 հազար, ընթացիկ տարվա դեկտեմբերին դրանց քանակը կազմեց 260 հազար: Ճանապարհային երթեւեկության 50 դեպքերից 36-ը չեն գրանցվել ճանապարհային ոստիկանության կողմից: Ելնելով դրանից, պատժվել է 17 ճանապարհային տեսուչ»,-ասել է Հովհաննես Հովսեփյանը: Ըստ նրա, Վերահսկողության ծառայությունը պարզել է, որ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել 33 մլն դրամի տարբեր ապրանքներ` խախտելով «Պետական գնումների մասին» օրենքը:

Վերահսկողության ծառայության ստուգումները, որ կատարվել են ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությունում, ցույց են տվել, որ ներկայումս հանրապետության 19 ավտոկայաններից 6-ը փաստորեն չեն գործում, սակայն ունեն 15 հաստիքային աշխատող, ինչի համար ամեն ամիս պետբյուջեից հատկացվում է 700 հազար դրամ: «Նշենք, որ Երեւանի կենտրոնական ավտոկայանը գրավ է դրվել 631 հազար դոլար գումարի վարկի դիմաց: Ավտոկայանի ղեկավարությունը չի կարողացել մարել այդ գումարը, եւ ՀՀ նախագահի հանձնարարությամբ սեղմ ժամկետում տրանսպորտի նախարարությունը մուծեց պահանջվող գումարը»,-ասել է Հովհաննես Հովսեփյանը: Նա հավելել է, որ այդ գումարի մի մասն արդեն վճարվել է, իսկ ավտոկայանի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: