Խիտկո Ստեֆանով Բաչեւի եւ Իլիան Պետրով Պետրակիեւի հնագիտական պեղումների ժամանակ Բուլղարիայի Վելիկո Տիռնովո քաղաքի Նիկոլա Պիկոլո փողոցում հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի :
«Բուլղարիայի մշակույթի նախարարությունը եւ հուշարձանների պահպանման ինստիտուտը քայլեր են ձեռնարկում հայկական եկեղեցին պետության պատմամշակութային հուշարձան ճանաչելու համար, որպեսզի այն ներկայացվի զբոսաշրջիկներին ե’ւ որպես պատմական արժեք, ե’ւ որպես Բուլղարիայում այլ քաղաքակրթության եւ մշակույթի ապացույց», – PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասաց Բուլղարիայում Հայաստանի դեսպանի խորհրդական Հասմիկ Դաշտոյանը:
Նրա խոսքերի համաձայն, պեղումներն առաջին անգամ իրականացվել են 1989 թ., որից հետո 1990 թ. տպագրվել է «Հնագիտական հայտնագործում 1989 թ. պեղումներից» հոդվածը, որում առաջին անգամ հիշատակվում էր նշյալ բնակավայրում Հայ Առաքելական եկեղեցու գոյության մասին: Պեղումների երկրորդ շրջանը կատարել են բուլղարացի գիտնականներ Խիակո Ստեֆանով Բաչեւն ու Իլիյան Պետրով Պետրակիեւը` 2009 թ. ապրիլի 1-30-ը: Պատմաբանները հայտնբերել են 1588 թ. փաստաթուղթ, որում հիշատակվում է, որ այդ տեղում նախ եղել է կաթոլիկ եկեղեցի, որը կառուցվել է Դուբրովնիկի առեւտրական Պավլո Բոժիկովիչի հովանավորությամբ, ապա այդ տարածքը գնել են Բուլղարիայում ապրող հայերը եւ կաթոլիկ եկեղեցու ավերակների վրա 17-րդ դարում կառուցել են Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին: Եկեղեցին փայտից էր կառուցված, հետեւաբար այնքան էլ ամուր չէր: ժամանակի ընթացքում հայերն այդ տարածքից հեռացել են, եւ եկեղեցու վերանորոգման համար գումար չի եղել: Գիտնականները գտնում են, որ եկեղեցին հիմնովին ավերվել է 20-րդ դարի սկզբին:
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են հայկական տառերով քարաբեկորներ եւ զարդաքանդակներ, որոնք նույնպես հաստատում են, որ 17-20-րդ դարերում այդ տարածքում հայկական եկեղեցի է գործել: