AM
23 Դեկտեմբեր 2009 - 16:07 AMT

Գերմանիայում Հայաստանի դեսպանը այցելել է Զաքսեն Անհալթ երկրամաս

Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են Գերմանիայի Զաքսեն Անհալթ երկրամաս: Այցի ընթացքում տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը երկրամասի ղեկավարության եւ Մագդեբուրգի քաղաքապետի հետ:

Երկրամասի վարչապետ Վոլֆգանգ Բյոմերի հետ հանդիպման ընթացքում Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց երկրամասի իշխանություններին մշակույթի եւ կրթության ոլորտներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը եւ պայմանավորվեցին մշակել առաջարկներ տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ:

Քննարկեցին նաեւ Զաքսեն Անհալթ երկրամասի եւ ՀՀ մարզերից մեկի միջեւ կապ հաստատելու հնարավորությունը:

Արմեն Մարտիրոսյանի եւ Մագդեբուրգի քաղաքապետ Քոխ Ռյուդիգերի հանդիպման ընթացքում քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց համագործակցություն հաստատելու Մագդեբուրգի տեխնիկական համալսարանի եւ ՀՀ տեխնիկական համալսարաններից որեւէ մեկի միջեւ:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպեց Հալլեի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի նեկայացուցիչ Հերման Հոլցի եւ Հալլեի հայկական փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: