«2010 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը կսկսի արտերկրում հայկական պատմամշակութային արժեքների ցուցակագրումը: Այդ գործընթացն արդեն սկսվել է: Այսօրվա դրությամբ էլեկտրոնային կրիչների վրա են գրանցվել շուրջ 2 հազար մշակութային արժեքներ»,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսում:
Ըստ նրա, առաջնային են համարվում համապատաասխան դաշտի ապահովումը մշակութային, ստեղծագործական գործունեության համար, նյութատեխնիկական բազայի ստեղծումը, ֆինանսական ռեսուրսների, կադրերի ապահովումը:
«Մենք կարողացանք հիմնական նորոգման ենթարկել մի շարք մշակութային օբյեկտներ, մասնավորապես, գրադարաններ, որոնք հագեցվել են արդիական սարքավորումներով, իսկ 2010 թվականից ի վեր կսկսվի գրադարանների աշխատակիցների վերապատրաստման գործընթացը: Երեք թանգարան է հաջողվել վերանորոգել` Խ.Աբովյանի տուն-թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը եւ Ավետիք Իսահակյանի թանգարանը»,-ասել է Հ.Պողոսյանը:
Նախարարը կարեւորել է մշակութային արժեքների ցուցակագրումը, ինչն արդեն արվել է վեց թանգարաններում, եւ ռեստավրացիոն կենտրոնների ստեղծումը հանրապետությունում: «Դա նշանակում է, որ մենք կկարողանանք ռեստավրացիայի ենթարկել արվեստի գործերը սեփական ուժերով»,-հավաստիացրել է Հասմիկ Պողոսյանը: