ՀՀ Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանն օրերս հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել` կոլեկտիվում առաջացած խնդիրների պատճառով, դեկտեմբերի 25-ի մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ հավելել է, որ չի հաստատել դիմումը, հույս հայտնելով, որ կգտնվի առավել խելամիտ լուծում:
«Եթե կա տնտեսական ճգնաժամ, ապա ինչու չի կարող ճգնաժամ լինել նաեւ ստեղծագործկան կոլեկտիվներում: Ես վստահ եմ, որ առաջացած խնդիրները կարելի է հանգիստ լուծել»,-ասել է նախարարը:
Ըստ նրա, չի կարելի թույլ տալ այնպիսի իրավիճակ, որի դեպքում Հայաստանը կարող է մնալ առանց Պետական կամերային նվագախմբի:
«Ես կտրականապես դեմ եմ Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի հրաժարականին, քանի որ վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որի դեպքում կարելի է հրաժարվել արդեն կայացած պրոֆեսիոնալներից, հույսը դնելով առկա մարդկային ռեսուրսների վրա, չի կարող ապահովել ոլորտի տեւական զարգացումը: Իսկ Արամ Ղարաբեկյանը նոր որակ եւ եվրոպական ճաշակ ներմուծեց հայ իրականության մեջ»,-ասել է Հասմիկ Պողոսյանը` միաժամանկ հավաստիացնելով, որ Հայաստանը չի մնա առանց Պետական կամերային նվագախմբի:
Ինչպես ասել է նախարարը, Ա.Ղարաբեկյանը շարունակում է զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, իսկ նվագախմբում նշանակվել է նոր գործադիր տնօրեն:






