Ճիշտ կլիներ, եթե Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը ՍԴ-ում հրապարակային լիներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Հաշվի առնելով իրական իրավիճակն երկրում, որտեղ բոլոր որոշումները վերեւից են կայացվում` հասկանալի է ՀՀ ՍԴ որոշումը քննարկումը գրավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ»,-նշել է նա` հավելելով, որ Հայաստանի բոլոր պետական ինստիտուտները ենթարկվում են վերեւից եկող հրահանգներին եւ ՀՀ Սահմանադրական դատարանը բացառություն չէ:
Ընդ որում, նա նշել է, որ եթե որոշումն օբյեկտիվ լինի, ապա ՍԴ-ն կհայտարարի, որ Արձանագրությունները չեն համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Սակայն, Մարտիրոսյանը, կրկին, հիմնվելով երկրի իրական իրավիճակի վրա, ասել է, որ ՀՀ ՍԴ-ն, հավանաբար, որոշում կկայացնի այն մասին, որ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:






