Այսօր ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը թիվ 187 դպրոցում 1990 թ. Բաքվում հայերի ջարդերին նվիրված բաց դաս է անցկացրել: Դասի ընթացքում Աշոտյանը պատմել է աշակերտներին Բաքու քաղաքի պատմությունը, եւ այն մասին, թե ինչպիսի դեր են ունեցել հայերը այդ քաղաքի զարգացման համար: Եվ հետո անդրադարձավ դասի գլխավոր թեմային` Բաքվում հայերի ջարդերի մասին:
«Մենք կարող ենք ներել ժողովրդին, սակայն չենք կարող ներել Ադրբեջանի պետությանը, որը մինչ օրս այնպիսի քաղաքականություն է վարում, որը ուղղված է հայերի կենսաբանական ոչնցացմանը», ընդգծել է նա»: Նրա խոսքերով, Բաքվում հայերի ջարդերը ապացուցեցին, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում: «Ղարաբաղի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պետությունում ոտնահարվում են նույնիսկ իր ժողովրդի շահերը», – ասել է գիտության եւ կրթության նախարարը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հունվարի 13-19-ը հանրակրթական հաստատություններում պատմության դասեր է անցկացնում, որոնք նվիրված են 1990թ. Բաքվում հայերի ջարդերին:
Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:
Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:
1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահոգությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: