Այսօր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բաց դաս է անցկացրել Երեւանի թիվ 187 դպրոցում` 1990թ. Բաքվի հայկական ջարդերի մասին:
«Վերջին տարիներին Հայաստանի քաղաքականությունը մի շարք կոպիտ սխալներ է թույլ տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է Հավհաննիսյանը` առանձնակի անդրադարձ կատարելով հայ փախստականների խնդրին: «Մենք երբեք ցույց չենք տվել մեր օտարերկրյա հյուրերին, թե ինչ ծանր վիճակում են գտնվում մեր փախստականները, սակայն դա չի նշանակում, որ նրանք չկան եւ ոչ մի խնդիր չունեն»,-ասել է Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ Հայաստանն իր ողբերգությունը շահարկումների առարկա չդարձրեց:
Ընդ որում, նա ասել է, որ Հայաստանը բանակցային գործընթացում պետք է շեշտը դնի երկու հարցի` Ադրբեջանի պատասխանատվության, որն ագրեսիայով պատասխանեց Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ եւ խաղաղ արտահայտմանը, եւ փախստականների հատուցման վրա:
«Եթե դիտարկենք բանակցային գործընթացը, կտեսնենք, թե որքան հմտորեն հաջողվեց ադրբեջանական կողմին տեղերով փոխել պատճառն ու հետեւանքները»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հայաստանը ձգտում է վերացնել հակամարտության պատճառը, որի համար հարկավոր է լուծել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, իսկ Ադրբեջանը գործ ունի հետեւանքների հետ, փորձելով վերացնել դրանք, քանի որ դա հակասում է նրանց շահերին: Ընդ որում, նա ասել է, որ համապատասխանեցնելու համար այդ երկու գործընթացները, հարկավոր է, որ նրանք զուգահեռ ընթանան:
Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հունվարի 13-19-ը Հայաստանի բոլոր հանրակրթական հաստատություններում պատմության դասեր է անցկացնում` 1990թ. Բաքվի հայկական ջարդերի մասին:
Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:
Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցենլ` «մաքրելով» քաղաքը հայերից:
1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: