AM
19 Հունվար 2010 - 12:12 AMT

Երեւանում բացվեց Բաքվում հայերի ջարդերի 20-ամյա տարելիցին նվիրված գիտաժողով

Երեւանում բացվեց 1990թ. հունվարի 13-19 Բաքվում հայերի ջարդերի 20-ամյա տարելիցին նվիրված գիտաժողով: Ժողովի աշխատանքներին մասնակցում են մասնագետներ Հայաստանից եւ Ռուսաստանից:

Բացելով գիտաժողովը` ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժնի քարտուղար, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը նշեց, որ հայ ժողովուրդը պարտավոր է հիշել 20 տարի առաջ Ադրբեջանում կատարված ողբերգությունը: «Մենք պարտավոր ենք հիշել Ադրբեջանում հայերի ջարդերը, իրապես գնահատել այդ իրադարձությունները, քանի որ միջազգային հանրությունը մինչ օրս համապատասխան գնահատական չի տվել այդ ողբերգությանը»,- ասաց Վլադիմիր Բարխուդարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր հերթին հայտնեց, որ այսօր ցեղասպանությունն ու դրա սպառնալիքը մարդկության համար մարտահրավեր են, քանի որ ցեղասպանության շատ դրսեւորումներ անպատիժ են մնում: Պատգամավորն առաջարկեց գիտաժողովի արդյունքներով Ադրբեջանում հայկական ջարդերի մասին բանաձեւ ընդունել:

Գիտաժողովի կազմակերպիչները մտադիր են ժողովի զեկույցները հրապարակել հայերեն եւ անգլերեն լեզուներով:

Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:

Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:

1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:

Ընդհանուր առմամբ 1988-1990 թվականների էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված էին հեռանալ մոտ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրեց Սփյուռքը, իսկ կեսից ավելին մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: