Հունվարի 19-ին ՀակոբՀակոբյանինախագահությամբ տեղի ունեցավԱԺ սոցիալական հարցերի մշտականհանձնաժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալովկառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամներ, հաղորդում է ՀՀ ԱԺ-ի մամլո ծառայությունը:
Գործադիրը նպատակ ունի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ ու ԱՄԿ-ի կոնվեցիաներով եւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված դրույթների պահանջներին: Կառավարությունն առաջարկում է գործատուի եւ աշխատողի միջեւ կնքել բանավոր եւ գրավոր աշխատանքային պայմանագրեր. բանավոր պայմանագիրը նպատակ ունի նվազեցնել աշխատանքի ընդունվելու ժամանակ տարվող փաստաթղթային ձեւակերպումները` սահմանելով, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է բանավոր, եթե այն բովանդակում է միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն պայմանները, բացառությամբ աշխատավարձի չափի, հակառակ դեպքում` պայմանագիրը կնքվում է գրավոր: Նվազեցվել է արտաժամյա եւ գիշերային աշխատանքի վարձատրության չափը` գործող օրենսգրքով սահմանված ժամային դրույքաչափի մեկ ու կես անգամից ոչ պակասի փոխարեն սահմանելով առաջին դեպքում 50%, երկրորդ դեպքում 30% հավելում: Հստակ սահմանվում են աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը` կախված տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից. որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը:
Քննարկումների արդյունքումՀայաստանիգործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամները ընդունելիհամարեցինկառավարության որոշ առաջարկներ, իսկ վիճահարույց հարցերը որոշվեց քննարկել եւ ներկայացնել փոխհամաձայնեցված տարբերակ: