«Արդարություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չի բացառել համագործակցությունն այլ խորհրդարանական ուժերի հետ: Միեւնույն ժամանակ, ինչպես նա հայտարարել է «Առկա» գործակալությանը, ներկայումս դաշինքը չի վարում բանակցություններ այլ կուսակցությունների, այդ թվում նաեւ մեկ այլ խորհրդարանական ընդդիմադիր ուժի` «Ազգային միաբանություն» կուսակցության հետ` խորհրդարանական գործունեության համակարգման վերաբերյալ: «Որոշ խորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը հնարավոր է որոշակի հարցերով»,- ասել է Ս. Դեմիրճյանը: Նշենք, որ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը նույնպես հայտարարել է լրագրողներին ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության մասին, որի մոտեցումները համահունչ կլինեն իրենց ծրագրին` «լինի դա «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը, թե մեկ այլ քաղաքական ուժ»: «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդի կարծիքով` որոշ կարեւոր հարցերում այսօր կարելի է արձանագրել ընդդիմադրության միասնությունը, մասնավորապես, իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի
հասնելու գործում: