Երեւանում նախկին Երիտասարդական պալատոի տեղում կկառուցվի նոր գործարար-կենտրոն «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հետ համատեղ, որը պետք է համապատասխանի բոլոր միջազգային չափանիշներին: Այդ մասին հունվարի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ավանգարդ մոթորս» ընկերության ղեկավար, մեկ փուլից բաղկացած մրցույթի կազմակերպիչ Էդուարդ Ավետիսյանը: Ըստ նրա, պայմանագիրը «Ինտերկոնտինենտալի» հետ կնքվել էր դեռեւս 2006թ.: Տեղի էր ունեցել նաեւ քաղաքաշինական նիստ, որի ժամանակ ներկայացվել էր ապագա շենքի նախագիծը: «Սակայն, այդ նախագիծը լիովին չգոհացրեց ոչ պատվիրատուին, ոչ Հայաստանի ճարտարապետների միությանը: Ուստի հայտարարվեց Միջազգային բաց մրցույթ»,-ասել է Է.Ավետիսյանը:
Ըստ ծրագրի ղեկավար, ճարտարպետ Լեւոն Վարդանյանի, մրցույթի բոլոր պայմաններն ու օրենքները համապատասխանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի պահանջներին:
Շենքի թույլատրելի բարձրությունը 100 մետր է, իսկ հյուրանոցային համարների նվազագույն մակերերսը` 45-48 քմ է:
Ժյուրիի անդամներից մեկի` ճապոնացի Մակոտո Վատանաբեի խոսքերով, շենքի սեյսմակայունությունը հիմնական պայմանը չի հանդիսանում հաղթողին որոշելիս, սակայն այդ չափանիշը եւս կարող է որոշիչ լինել: Ընտրության հիմնական չափանիշն, ըստ նրա, լինելու է շենքի կառուցման մշակույթն ու տեխնոլոգիաները:
Մեկ փուլից բաղկացած մրցույթի կազմակերպիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը, Երեւանի քաղաքապետարանի եւ Բելառուսի ճարտարապետների միության հետ համատեղ, Հայաստանի քաղաքաշինության եւ սփյուռքի նախարարությունների մասնակցությամբ: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրությների, մրցույթը հաստատվել է Ճարտարապետների միջազգային միության կողմից, հաղորդում է Ճարտարապետների միության միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքէջը:
Միջազգային ժյուրիի կազմում են «Ավանգարդ Մոթորս» ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանը (ՌԴ), Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Մայքլ Ռոտոնդին (ԱՄՆ), Մակոտո Վատանաբեն (Ճապոնիա ), Էնրիկե Սոբեջանոն (Իսպանիա), Բելառուսի ճարտարապետների միության նախագահ Ալեքսանդր Կորբուտը:
Միջազգային բաց ճարտարապետական մրցույթին մասնակցելու համար հայտեր են ներկայացվել 70 երկրներից եւ ներկայացվել է 300 նախագիծ:
Ժյուրիի նիստը տեղի կունենա հունվարի 22-24-ին: Հունվարի 24-ին Մոսկվայի տանը տեղի կունենա մրցույթում հաղթած նախագծի շնորհանդեսը, որի հեղինակը կստանա 70 000 դոլար: 2-րդ եւ 3-րդ տեղերի համար կշնորհվի համապատասխանաբար 30 000 եւ 15 000 դոլար:
«Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիա» հասարակական միավորումների միությունը հասարակական մավորումների` իրավաբանական անձանց, ստեղծագործական միությունների միջազգային միություն է: Ասոցիացիան հիմնվել է 1992թ.: Նրան անդամակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Կիեւը, Մոսկվան, Սանքտ Պետերբուրգը, ճարտարապետների միությունները:
Երեւանի Երիտասարդական պալատը Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկն էր: Այն շահագործման հանձնվեց 1972թ.: Իսկ նախագծի վրա ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Արթուր Թարխանյանը եւ Մարտին Զախարյանը աշխատել են 1966 թվականից: Երիտասարդական պալատը մի ժամանակ Երեւանի ամենաբարձր շենքն էր, այն ուներ 20 հարկ, որոնցից 16-ում հյուրանոցն էր գտնվում: Այն քանդվեց 2006թ. քաղաքապետարանի որոշմամբ` սեյսմակայուն չլինելու պատճառով: Սակայն 1999-ականներին անց էր կացվել համապատասխան փորձաքննություն, որով թույլատրվում էր շենքի հետագա շահագործումը: Իսկ «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպության մշակած Երիտասարդական պալատի վերականգնման այլընտրանքային նախագիծն այդպես էլ չքննարկվեց: