Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Հուն Ցզիուին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Հուն Ցզիուին արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար եւ հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում: Ընդգծվեց նաեւ, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության եւ բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես պաշտպանական, այնպես էլ հասարակական, տնտեսական եւ մշակութային տարբեր ոլորտներում:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-չինական հարաբերություններն ու բարեկամական կապերը, այդ թվում` նաեւ պաշտպանական բնագավառում, էլ ավելի կամրապնդվի: Հանդիպման ավարտին կողմերը խորհրդանշական նվերներ փոխանակեցին, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:






