Եթե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը սառը ցնցուղ էր շատերի, այդ թվում նաեւ Թուրքիայի իշխանությունների համար, որոնք միշտ փորձել կամ փորձում են խոսել Հայաստանի հետ նախապայմանների լեզվով: Այդ մասին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա, ՀՀ ՍԴ որոշումն անակնկալ էր թուրքական իշխանությունների համար: Ընդ որում, նա նշել է, որ իր որոշմամբ դատարանը ապացուցեց, որ Արձանագրություններում նախապայմաններ չկան, եւ որ փաստաթղթերի հիմնական առարկան դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է ու հայ-թուրքական սահմանի բացումը: «Նույնիսկ եթե ՀՀ ՍԴ-ն Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող համարեր, ապա Թուրքիան միեւնույն է առիթ կգտներ Արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար»,-ասել է Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ Թուրքիային դա չի հաջողվի: Նա նշել է նաեւ, որ Անկարան ստորագրել է Արձանագրությունները միջազգային հանրության ճնշման տակ, եւ որքան էլ Թուրքիան փորձի ձգձգել փաստաթղթերի վավերացումը, նա միեւնույն է պետք է կատարի գերտերությունների առջեւ ստանձնած իր պարտավորությունները:
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի իր պատմական տարածքներից եւ չի ճանաչի Կարսի պայմանագիրը, առավել եւս, չի հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: «Եթե թուրքական իշխանություններն Էրդողանի գլխավորությամբ փորձում են ստիպել մեզ հրաժարվել մեր Սահմանադրությունից, ապա ես ձեզ վստահեցնում եմ, դա նրանց երբեք չի հաջողվի»,-ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: –
Կարսի պայմանագիրը կնքվել է 1991թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից քեմալական Թուրքիայի եւ մյուս կողմից Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջեւ Կարսի խորհրդաժողովի ավարտին: Այն կազմված է նախաբանից, 20 հոդվածներից եւ 3 հավելվածներից:
Ըստ 1-ին հոդվածի, ուժը կորցրած են համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել են այն կառավարությունների միջեւ, որոնք նախկինում ապահովել են ինքնիշխանությունը պայմանավորվող կողմերի տարածքում: Այդպիսով իսկ չեղյալ էր հայտարարվում 1920թ. Ալեքսանդրոպոլի պայմանագիրը:
Անվավեր էին ճանաչվում նաեւ այն պայմանագրերը, որոնք կնքվել են երրորդ պետությունների հետ եւ վերաբերում էին անդրկովկասյան հանրապետություններին: Սակայնյ դա չէր տարածվում 1921թ. ՌԽՍՀ եւ Թուրքիայի միջեւ կնքված Մոսկվայի պայմանագրի վրա:
2-րդ հոդվածը հատկապես կարեւոր էր Թուրքիայի համար, քանի որ ըստ այդ հոդվածի, կողմերը չէին ճանաչում ոչ մի պայմանագիր կամ միջազգային ակտ, որը կարող էր պարտադրվել ուժով: Դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920թ. Սեւրի պայմանագիրը:
Ըստ 3-րդ հոդվածի, չեղյալ էր հայտարարվում կապիտուլացիոն ռեժիմը:
Ըստ 4-րդ հոդվածի, որոշվում է սահմանը Թուրքիայի եւ Անդրկովկասի հանրապետությունների միջեւ (սահմանի ավելի մանրամասն նկարագրությունը տրվում էր 1-ին եւ 2-րդ հավելվածում):
Ըստ 5-րդ հոդվածի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները համաձայնվում էին, որ Նախիջեւանի մարզը (3-րդ հավելվածում նշված սահմաններով) ինքնավար հանրապետություն դառնա Ադրբեջանի հովանու ներքո:
6-րդ հոդվածը վերաբերում էր Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններին: Մնացած հոդվածները որոշում էին կողմերի քաղաքացիների իրավական վիճակը, հաստատում էին գերիների փոխանակման կարգը, վերաբերում էին տնտեսական, ֆինանսական եւ այլ հարցերի կանոնակարգմանը, հյուպատոսական հարաբերությունների հաստատմանը եւ այլն: Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր 1921թ. Մոսկվայի պայմանագրի դրույթները, որով ոտնահարվում էին Հայաստանի կենսական շահերը:
Կարսի պայմանագիրը ստորագրել են` ՀԽՍՀ անունից արտաքին գործերի ժողկոմ Ա.Մռավյանը եւ ներքին գործերի ժողկոմ Պ.Մակինցյանը, Ադրբեջանական ԽՍՀ անունից` աշխատավորագյուղացիական տեսչության ժողկոմ Բ.Շախտախտինսկին, Վրացական ԽՍՀ անունից` ռազմածովային գործերի ժողկոմ Շ.Էլիավան եւ արտագործերի ու ֆինանսների ժողկոմ Ա.Սվանիձեն, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անունից` Ազգային ժողովի պատգամավոր եւ Արեւելայն ճակատի հրամանատար Քյազիմ Ղարաբեքիր-փաշան, Ազգային ժողովի պատգամավոր Վելի բեյը, հասարակական աշխատանքների նախարարի նախկին օգնական Մուխտար-բեյը, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեհմուդ Շեւկեթը, ՌԽՍՀ կառավարության անունից` Լատվիայում ՌԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Յա. Գանեցկին
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:
Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:
2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:






