Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Մեղրիի միջանցքի մասին խոսք անգամ չի եղել ո’չ Փարիզում, ո’չ Քի-Վեսթում: Քննարկվել է Հայաստանը ԼՂՀ-ին միացնող միջանցքի հանդեպ ղարաբաղյան կողմի ինքնավարության հարցը: Ինչ վերաբերում է Մեղրիին, ապա խոսակցությունը «միմիայն հաղորդակցության հասանելիության» շուրջ է ընթացել: Յունիսովին այս տարբերակն առավել ճշմարտանման է ներկայանում: Կոնֆլիկտոլոգի նման համոզմունքը հիմնված է ոչ միայն ներկա իրադրության անաչառ վերլուծության, այլեւ «բանակցությունների մասնակիցներին մոտ կանգնած աղբյուրների» տեղեկությունների վրա: Այդ նույն աղբյուրների տվյալները թույլ են տալիս Յունիսովին ենթադրել, որ Ալիեւի «փարիզյան սկզբունքների» սեփական տարբերակի հրապարակումը նշանակում է ադրբեջանական հանրությանը նախապատրաստել կարգավորման այն տարբերակի համար, որի շուրջ Փարիզի մայրաքաղաքում համաձայնության են եկել երկու նախագահները: Խոսքն, այսպես կոչված, «միասնական պետության» ստեղծման մասին է:
Անկախ պետության բնորոշ հատկանիշները, որոնցով օժտված կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (Յունիսովի տվյալներով այսպես է անվանվելու հայկական համադաշնությունը) թվարկելիս` փորձագետը անհանգստություն է հայտնում միայն մեկ հանգամանքի կապակցությամբ: «Եթե մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի կազմից դուրս գալու իրավական հիմքեր չունեին, ապա միասնական պետության ձեւավորումից հետո նման իրավունք նրանք կստանան»,- հաստատում է Արիֆ Յունիսովը: Արդյունքում նրա եզրակացությունը միանշանակ է` «կարգավորման նման տարբերակը վտանգավոր է Ադրբեջանի համար»:
Ստեղծված իրավիճակը մեկնաբանելով` Բաքվի «Զերկալո» թերթը գրում է, որ Ալիեւի հայտարարությունը նպատակ ուներ վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին, եւ «պետության ղեկավարի պաշտոնից նրա տապալմանն աջակցելը» կարող է եւ հենց Ադրբեջանի նախագահի դեմ դուրս գալ: «Հայաստանին Լաչինի միջանցքը ինքնավար հսկողությանը հանձնելու հնարավորության մասին Ալիեւի խոսքերը երկրի գրեթե բոլոր օպոզիցիոն ուժերի կողմից ընկալվեցին որպես սվին»,- գրում է թերթը, նշելով, որ «նման հայտարարությունը հենց իշխող էլիտայի մոտ կարող է տարաձայնություններ առաջացնել»: Այսպիսով, մեղադրելով Քոչարյանին փարիզյան սկզբունքներից հրաժարվելու մեջ` Ալիեւը փոս փորեց հենց իրեն համար: