AM
15 July 2002 - 00:00 AMT

ԵԽԽՎ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԿԺԱՄԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ` ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ՆՐԱՆ ԾԵԾԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Գրոսսի դեմ պաշտոնական Բաքվի կազմակերպած դեմարշն իր ցինիզմով աննախադեպ էր: Ադրբեջանցի պատգամավորները նույնիսկ հայտարարել էին, որ եթե զեկուցողը համարձակվի ժամանել Բաքու, ապա կծեծվի հենց օդակայանում: Եվրոպան շատ բան է տեսել, բայց ԵԽԽՎ-ի ողջ գործունեության ընթացքում դեռեւս ոչ մի անգամ նման դեպք չի եղել, երբ հեղինակավոր միջազգային կազմակերպության բարձրաստիճան գործչին սպառնան ծեծով մարդու իրավունքների խախտման փաստերի հետաքննության փորձերի համար: ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարն անձամբ է հեռախոսով կապվել միլի մեջլիսի խոսնակ Մուրտուզ Ալեքսերովի հետ եւ բացատրություն պահանջել մոնիտորինգային խմբին ընդունելու` այդ երկրի իշխանությունների հրաժարականի վերաբերյալ: Բրունո Խալլերան հայտարարել է, որ Ստրասբուրգում «ցնցվել են» նամակի ոճից, որում Ադրբեջանի ղեկավարությունը հայտնել է Գրոսսին ընդունելու հրաժարականի մասին: Նա շեշտել է, որ կազմակերպած դեմարշը «Բաքվի համար շատ լուրջ հետեւանքներ կունենա, ընդհուպ մինչեւ` Ադրբեջանի դեմ սանկցիա կիրառելը»:

Պատժամիջոցի մասին լսելով` Բաքվի ղեկավարները զգաստացան: Արդյունքում Իլհամ Ալիեւի ստորագրությամբ եւս մեկ նամակ ուղարկվեց Ստրասբուրգ, որում պատրաստակամությունն էր հայտնվում ընդունել ԵԽԽՎ-ի մոնիտորինգային խմբի համանախագահներին առանց որեւէ պայմանի: Սեփական տրամադրվածությունների փոփխությունը մեկնաբանելով` ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել է. «Գրոսսի խնդիրն հենց այն է, որ այս կամ այն պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառվի: Այդ իսկ պատճառով մենք նրան նման առիթ չպետք է տանք»: Ի պատասխան` Անդրեաս Գրոսսը նշել է, որ «նա չի կորցրել հույսը, թե մարդիկ կարող են ինչ-որ բան սովորել»:

Իլհամ Ալիեւը սովորեց վախենալ Եվրոպայի խորհրդից: Բայց դեռեւս չի սովորել համբերատար լինել թերությունները մատնացույց անողների նկատմամբ: «Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ: Բաքվում ինչ-որ մեկին դա դուր չի գալիս»,- ընդգծում է Ադրեաս Գրոսսը: Ալիեւները նրան Ադրբեջանի գրեթե ամենավտանգավոր թշնամին են համարում: «Այդ մարդը ներքին թշնամությամբ է տրամադրված մեր երկրի նկատմամբ, ավելին ասեմ` մեր ազգի նկատմամբ»,- համաերկրացիներին վստահեցնում է Ադրբեջանի նախագահի որդին: Նմանատիպ եզրակացությունների հիմք է դարձել այն փաստը, որ 2000 թվականին ընտրություններին հետեւող եվրոպական խորհրդարանականների խումբը ղեկավարելիս` Գրոսսն հայտարարել է, թե «նման ոչ ժողովրդավարական ընտրություններ նա ոչ մի տեղ դեռեւս չէր տեսել»:

Անդրեաս Գրոսսը եւ իր գործընկեր Մարտինես Կասսանը վաղը Ստամբուլի չվերթով կժամանեն Բաքու: Հուսանք, որ ադրբեջանական պատգամավորները բավականին խելամտություն կունենան իրենց խուստումը չիրականացնելու համար: Գրոսսը տեղեկացված է իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին, սակայն չի հավատում, որ իրականում որեւէ մեկը կորոշի ծեծել իրեն: